Հիմնական տեսարժան վայրերը
Ուղտասար

Սյունիքի հնագույն պատմական ժառանգության մեջ իրենց առանձնահատուկ տեղն ունեն ծովի մակարդակից 3000-3300 մ բարձրության վրա տեղակայված, Սառնակունք գյուղի շուրջը գտնվող Ուղտասարի ու Տաքջրի ժայռապատկերները:
Ժայռապատկերները շատ-շատ են, նրանց քանակության մասին դժվար է խոսել, թեև գրեթե բոլորն էլ շատ լավ պահպանվել են:
Ուղտի նման սապատավոր Ուղտասար լեռան վրա նախնադարյան մարդը պատկերել է իր միտքն ու առօրյան: Այդ անփոխարինելի քարե կտավները արժեքավոր տեղեկություններ են տալիս նախնադարյան մարդու կենցաղի, սովորույթների, պաշտամունքների, զբաղմունքի մասին: Ուսումնասիրելով ժայռապատկերները` հնարավոր է պատկերացում ունենալ Հայաստանի երբեմնի կենդանական աշխարհի մասին (մուֆլոն, քարայծ,վարազ, շնագայլ, հովազ, եղնիկ, ձի, առյուծ, արջ, զեբր): Հանդիպում են նաև որսորդական զենքերի (նետ, աղեղ, նիզակ, վահան) կամ նետով զինված որսորդների տեսարաններ: Հատկապես հետաքրքրական են այն ժայռապատկերները, որոնք նախնադարյան մարդկանց տիեզերական պատկերացումների արդյունքն են:
Ժայռապատկերները կարելի է բաժանել 2 խմբի. առաջին խումբը վերաբերում է մ.թ.ա. 5-4-րդ հազարամյակին, իսկ երկրորդը` մ.թ.ա 3-2-րդ հազարամյակին:









