Հիմնական տեսարժան վայրերը
Ակսել Բակունցի տուն-թանգարան

20-րդ դարի տաղանդավոր գրողներից մեկը` Ակսել Բակունցը, (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1889թ. Գորիսում: Նա սկսել է ստեղծագործել վաղ հասակից, և երիտասարդ գրողի հրատարակված առաջին իսկ պատմվածքներն արդեն ճանաչում են բերում նրան: 1926թ. մարտին Բակունցը տեղափոխվում է Երևան, բայց շարունակում է գրել իր հայրենի երկրի, մարդկանց, հողի ու ջրի մասին: Ցավոք, Բակունցի կյանքը ողբերգական ավարտ է ունենում: 1937թ. օգոստոսի 9-ին մեծ գրողն ու արվեստագետը հայ նշանավոր մի շարք արվեստագետների հետ միասին դառնում է ստալինյան բռնապետության զոհը:
Ներկայում Գորիսում գործում է Ակսել Բակունցի տուն-թանգարանը: Հենց այս տանը, որը գտնվում է Մեսրոպ Մաշտոցի փողոցում, նա անցկացրել է իր մանկությունն ու պատանեկությունը (ծնվել է Բակունցը հոր կողմից պապի տանը, որը ապրում էր հարևանությամբ): Տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 1970թ. սեպտեմբերի 17-ին: Մինչ այդ տան կեսը վաճառված էր: Հետագայում` 1970թ., Բակունցի 90-ամյակի կապակցությամբ, տունը ետ գնվեց: Տուն-թանգարանի ստեղծման և զարգացման մեջ մեծ ներդրում ունի թանգարանի տնօրեն Քաջիկ Միքայելյանը:
Թանգարանը յուրահատուկ է նրանով, որ այնտեղ ոչ մի իր գնված չէ: Կահույքը, անձնական իրերը, նկարները, ձեռագրերը, բոլոր ցուցանմուշները նվիրատվություններ են:
Տուն-թանգարանը վերանորոգված է ճիշտ այն ձևով, ինչպես գրողի կենդանության օրոք էր: Վերանորոգվել է նաև գեղեցիկ այգին, ուր ապագա գյուղատնտեսը տնկել ու խնամքով մեծացրել է հազվագյուտ տեսակի ծառեր ու բույսեր, որոնք հետագայում տարածվել են Սյունիքի ամբողջ տարածքում: Այդ գեղեցիկ այգում տեղադրվել է Բակունցի 105-ամյակին նվիրված խաչքար, որը պայմանականորեն փոխարինում է գրողի անհայտ գերեզմանը:
























