Հիմնական տեսարժան վայրերը
Սևանա լիճ

Հայաստանի «կապուտաչյա գեղեցկուհի» Սևանը հնում անվանել են տարբեր անուններով` Սևանա ծով, Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով…
Այն Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է, որը գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա:
Լիճը գոյացել է Գեղամա լեռնաշղթայի հրաբուխների ժայթքման հետևանքով: Ժայթքող հրահեղուկ զանգվածը, փակելով հնագույն գետի հունը, առաջացրել է կաթսա, ուր հետզհետե հավաքվել են ձնհալի ջրերը:
1938 թվականի որոշմամբ լճի ջուրը սկսվեց օգտագործվել հիդրոէներգետիկայի կարիքները հոգալու համար: Սևանն իր ուժն ու ավյունը, իր գեղեցկությունը զոհաբերեց հայրենի հողը շենացնելու համար, որի հետևանքով ջրի մակարդակն իջավ, փոխվեց ջրի ջերմաստիճանը, ինչը բացասաբար անդրադարձավ լճի կենդանական աշխարհի վրա, իսկ Փոքր Սևանում գտնվող կղզին, որտեղ դեռևս 9-րդ դարում կառուցվել էր հայկական ճարտարապետության հայտնի հուշարձաններից մեկը` Սևանի վանքը, աստիճանաբար վերածվեց թերակղզու:
Սևանը հանգստի լավագույն վայրերից է: Նրա սքանչելի դիրքը, արևի շողերն անդրադարձնող ջրի կապուտակ հայելին, հնադարյան հուշարձանները գրավում են բոլոր այցելուներին:
Սևանա լիճ այցելելու համար պատվիրեք շրջագայություն:












