Հիմնական տեսարժան վայրերը
Սատանի կամուրջ

Որոտան գետի ամենախոր կիրճը գտնվում է Տաթև-Հարժիս (700-800մ) հատվածում: Այդ հատվածում կիրճն այնքան նեղ է, որ անգամ արևի ճառագայթները չեն կարողանում թափանցել նրա հատակը: Կիրճի ամենախոր մասում գտնվում է բնության գեղատեսիլ ու արտասովոր հրաշքը` Սատանի կամուրջը, որի երկարությունը 30 մետր է, իսկ լայնությունը` 50-60մ: Այդ կամրջով է անցնում Գորիս-Տաթև ավտոճանապարհը: Լեռնաղբյուրների ու ժայռերի ճեղքերից թափվող հանքային ջրերը գունավորել են Որոտանի ձորի պատերը վարդագույն, դեղին և կանաչ գույներով:
Այդ հրաշք կառույցը տրավերտիններից կազմված բնական կամուրջ է: Դարեր շարունակ կրաքարային նստվածքները կուտակվելով տարածվել են գետի մի ափից մյուսը, կազմելով հզոր քարե կամար: Կամրջի եզրերից կախված են յուրահատուկ շթաքարեր (ստալակտիտներ), իսկ ժայռային սանդղակաձև խորշերից ներքև են թափվում գեղատեսիլ ջրվեժները:
Որոշ տեղերում տաք հանքային ջրերից գոյացել են ջրավազաններ, որտեղ կարելի է բուժական նպատակով լոգանքներ ընդունել, իսկ կամրջի տակ գտնվող տարածքը նման է ստալակտիտների հսկայական քարանձավի:






