Հիմնական տեսարժան վայրերը
Փարաջանովի տուն-թանգարան

Նշանավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը բացվել է 1991 թվականին: Այն գտնվում է Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ` Հրազդան գետի կիրճի եզրին, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի կիրճը:
Թանգարանի հավաքածուն բաղկացած է Փարաջանովի մոտ 250 աշխատանքներից, ինչպես նաև նրա թիֆլիսյան տան կահավորանքից և անձնական իրերից: Ցուցադրված ստեղծագործությունների մեջ կան կոլաժներ, նկարներ, տիկնիկներ և կինոֆիլմերի էսքիզներ: Այդ բոլոր աշխատանքներն արտացոլում են մեծ արվեստագետի վերաբերմունքը, նրա յուրահատուկ աշխարհընկալումը կյանքի ու տվյալ ժամանակաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ:
Թանգարանի ֆոնդում պահպանվել են ռեժիսորի նամակագրությունները: Թանգարանում ցուցադրվում են նաև գեղարվեստական գործեր, փաստաթղթեր, լուսանկարներ և այլն:
Փարաջանովի արվեստը անկրկնելի է համաշխարհային մշակույթի ժառանգության մեջ, և, առաջին հերթին, ապշեցնում է իր մեծ երևակայությամբ, սրամտությամբ ու արտիստիզմով: Փարաջանովի աշխատանքներում օգտագործված տարատեսակ նյութերն ու առարկաները նրա արվեստին յուրահատուկ փայլ ու շուք են հաղորդում:
Տուն-թանգարանը Երևանի ամենահայտնի ու ամենահաճախելի մշակութային օջախներից է:














