Հիմնական տեսարժան վայրերը
Մատենադարան` հինավուրց մատյանների թանգարան

Երևանի բարձունքներից մեկի լանջին, Մաշտոցի պողոտայի ծայրամասում վեր է խոյանում Մատենադարանը` հին ձեռագրերի ինստիտուտի շենքը: Շենքի գլխավոր ճակատի առջև հայ միջնադարյան գրականության, արվեստի գիտության մեծ գործիչների` Մովսես Խորենացու, Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մխիթար Գոշի, Ֆրիկի արձաններն են, իսկ դրանից ցած` փոքրիկ հրապարակում` Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանները:
Մատենադարանը կառուցվել է 1959 թվականին: Այն հայկական ձեռագրերի խոշորագույն կենտրոն է: Այստեղ պահպանվում են ավելի քան 17000 ձեռագրեր` հայերեն ամբողջական ձեռագրեր և հայերեն ձեռագրերի պատառիկներ, 5-6-րդ դարերի մագաղաթյա ձեռագրեր, օտարալեզու մատյաններ, ձեռագիր ու գրչագիր մատյաններ և այլ նյութեր: Մատենադարանի հնագույն ձեռագիրը, որն ամբողջովին պահպանվել է, «Վեհամոր Ավետարանն» է` ստեղծված 8-րդ դարում: Ուշագրավ են գիրք-հսկան` «Մշո ճառընտիրը»` հայերեն ամենամեծ ձեռագիր գիրքը, որը կշռում է 28կգ և 1434թ. եկեղեցական օրացույցը, որը կշռում է ընդամենը 190գ, իսկ չափսը անձնագրի նկարից փոքր է:
Հայկական ձեռագիր մատյանները հարուստ են գեղեցիկ մանրանկարներով, որոնց գույներն այնքան պայծառ են, որ, ասես, նկարվել են ոչ թե դարեր առաջ, այլ բոլորովին վերջերս: Ներկերը ստացել են բնական ներկանյութերից, այդ պատճառով չեն կորցրել իրենց սկզբնական թարմությունը: Օրինակ, կարմիր գույնը ստացել են փոքրիկ, կարմիր մի միջատից` հայկական որդան կարմրից, որը տարածված է եղել Արարատյան դաշտում: Այն արտահանվել է աշխարհի տարբեր երկրներ և մինչև հիմա հայտնի է նկարիչների շրջանում կարմին անվանումով:
Մատենադարանը միայն թանգարան չէ, այն հայտնի է նաև որպես խոշորագույն գիտահետազոտական ու մշակութային կենտրոն: Մատենադարանին կից գործում է հայագիտական գրադարան, որը կարևորագույն գիտական կենտրոն է հետազոտողների համար:
Մատենադարան կատարած անգամ կարճատև այցելության ընթացքում պարզ է դառնում հայոց լեզվի ու հայ գրերի կարևոր դերն ու նշանակությունը համաշխարհային մշակույթի մեջ:










