Հայաստան
Հայաստանի մասին
Տվյալներ Հայաստանի մասին
Հայաստանի քարտեզ
Պատմություն
Քրիստոնեություն
Բնություն
Պետություն
Տնտեսություն եվ ներդրումային միջավայր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Հայաստանի հրաշալիքները
Արարատ Սուրբ Լեռը
Քաղաքակրթության օրրան
Խաչքար
Հին ձեռագրեր
Հայկական ծիրան
Դուդուկ
Հայկական կոնյակ
Օգտակար տեղեկություններ այցելուների համար
Կարծիքներ Հայաստանի մասին
Հայտնի մարդիկ Հայաստանի մասին
Հյուրերը Հայաստանի մասին 2011
Հյուրերը Հայաստանի մասին 2010
Հյուրերը Հայաստանի մասին 2009
Հյուրերը Հայաստանի մասին 2008
Հյուրերը Հայաստանի մասին 2007
Հյուրերը Հայաստանի մասին 2005-2006
Ազգային և եկեղեցական տոներ
Վարդավառ
Մուսալեռ տոնախմբություն
Սրբալույս Մյուռոնի օրհնություն
Հավերժ Հայաստան
Եղանակը Երեւանում
Ցույց տալ
Տարադրամի Փոխարժեքը
Ցույց տալ
Ժամանակը Երեւանում
  21/05/2012   22:00

Հայաստան
 Հին ձեռագրեր
Share |

Հայ ժողովրդի մեծագույն հարստությունը հին ձեռագրերն են: Աշխարհում կան մոտ 30 000 հայերեն հին ձեռագրեր, որոնց մեծ մասը (մոտ 17 000) պահվում է Երևանի Մատենադարանում` Մեսրոպ Մաշտոցի անվան ինստիտուտ-թանգարանում: Հայկական ձեռագրերի մյուս խոշոր պահոցներն այլ երկրներում են` Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գրադարանում (մոտ 4000 ձեռագիր), Վենետիկի Սուրբ-Ղազար կղզում` Մխիթարյան միաբանության գրապահոցում (մոտ 4000 ձեռագիր) և Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` Մխիթարյան միաբանության Սուրբ Մարիամ Աստվածածնի հայկական կաթոլիկ եկեղեցուն կից գրապահոցում (մոտ 2500 ձեռագիր):

Հայկական ձեռագրերերի արվեստն ունի հնագույն ավանդույթներ, ձեռագրերն աչքի են ընկնում բարձրակարգ գեղարվեստական նշանակությամբ և յուրօրինակությամբ:

Հայկական ձեռագիր գրքերի պատմությունը սկիզբ է առել 405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերն ու ձեռագիր առաջին մատյանը: Հայատառ առաջին մատյանները Աստվածաշնչի թարգմանություններն էին, իսկ հետագայում` նաև սեփական գրականությունը: Մինչև 14-րդ դարի կեսերը հայկական գրքերը գրվում էին ձեռագիր: Հետագայում ստեղծվեցին առաջին տպագիր գրքերը, և միայն 19-րդ դարում վերջնականապես ձեռագիր գրքին փոխարինեց տպագիր գիրքը:

Հայկական ձեռագրերը հիմնականում գրքեր են: Դրանք այդպես էլ կոչվել են` գիրք կամ մատյան: Գլանաձև փաթաթված ձեռագրեր հայերը երբեք չեն ունեցել: Մինչև 10-րդ դարը ձեռագրերը գրվել են մագաղաթի վրա, իսկ հետագայում` նաև թղթի վրա: Մագաղաթը ստանում էին հիմնականում տնային կենդանիների (հորթի և գառան) մորթուց, իսկ թուղթը ներկրվում էր: Գրքի ստեղծումը մի քանի փուլերով էր ընթանում. մագաղաթի և թանաքի պատրաստում, գրի նախապատրաստում (գեղագրություն և ուղղագրություն), նկարազարդում, փաթեթավորում, կազմում: Գիրքը ստեղծվում էր մի քանի արհեստանոցներում, մի խումբ վարպետների օգնությամբ: Կազմը պահպանում էր գիրքը վնասվելուց և դրան տալիս էր պատշաճ արտաքին տեսք:

Իր դարավոր պատմության ընթացքում հայ ժողովուրդը ստեղծել է տասնյակ հազարավոր ձեռագրեր, որոնց թվում կան պատմության և բնագիտության մասին աշխատանքներ, մշակութային, հոգևոր և աշխարհիկ ստեղծագործություններ:

Հայոց ձեռագրերը հայ ժողովրդի պես կրել են պատմության ողբերգական իրադարձությունների ազդեցությունը: Հայերը միշտ սրբությամբ են վերաբերվել իրենց ձեռագրերին` պահպանել ու փրկել են դրանք օտար բռնակալներից, վերականգնել են վնասված գրքերը: Պատմական գրառումների մեջ ձեռագրերը միշտ ներկայացվել են իբրև կենդանի, շնչավոր էակներ: Մեզ հասել են բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես` ճակատագրական պահերին, մարդիկ կյանքի գնով փրկել են ոչ թե տասնամյակների ընթացքում կուտակած իրենց ունեցվածքը, այլ դարերի ընթացքում գրքերի մեջ բյուրեղացած ազգային հոգևոր հարստությունը` մատյաններն ու մագաղաթները: Հենց սա է հայ ժողովրդի բնորոշ հատկանիշներից մեկն ու ազգի գոյատևման հիմքը:

Ասվածի վառ օրինակ է հայոց ամենամեծ ձեռագիր գրքի` ՄՇՈ ՃԱՌԸՆՏԻՐԻ փրկության պատմությունը: Ձեռագիրը գրվել է 3 տարվա ընթացքում, 1200-ից 1202 թվականները` Երզնկա քաղաքի Ավագ վանքում: Գրվել է մագաղաթի վրա, ունի 604 թերթ, 128 էջ: Յուրաքանչյուր թերթը (չափերը` 55.5x70սմ) մշակվել է 1 ամսական հորթի մորթուց: Ձեռագրի քաշը 28կգ է: Այն պատվիրել է Աստվածատուր անունով մի մարդ: 1203թ. մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ Աստվածատուրը սպանվում է, իսկ նրա ունեցվածքը` բռնագրավում են: Խլաթ քաղաքի թուրք դատավորը, պատճառաբանելով, թե իբր Աստվածատուրն իրեն պարտք է մնացել` վերցնում է ձեռագիրը: 1206թ. Մուշ քաղաքի Սուրբ Առաքելոց վանքի քահանաները, իմանալով, որ թուրք դատավորը վաճառքի է հանել ձեռագիրը, երկար բանակցություններից հետո (մոտ մեկ տարի), 4000 բարաթով (արծաթե մետաղադրամ) հետ են գնում են ձեռագիրը: 19-րդ դարում Սբ. Առաքելոց եկեղեցի ուխտագնացության ժամանակ Լազարյանները Սբ. Ղազար կղզուց իրենց հետ որպես մասունք վերցնում են ձեռագրի 17 թերթ:

1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ երկու հասարակ հայ կին գաղթի ճամփին գտնում են ձեռագիրը քանդված մի վանքում ու, վտանգելով իրենց սեփական կյանքը, վերցնում են ծանր ձեռագիրն իրենց հետ` փրկելու ոչնչացումից: Ձեռագիրը բաժանում են երկու մասի, որ կարողանան շալակել ու փրկել գոնե մեկ մասը, եթե իրենցից մեկը զոհվի: Երկուսն էլ ուղևորվում են Արևելյան Հայաստան: Մեկը հասնում է Սուրբ Էջմիածին և ձեռագիրը հանձնում Մայր եկեղեցուն: Երկրորդ կինը ճանապարհին զոհվում է: Մահից առաջ նա ձեռագրի իր մասը թաղում է Էրզրում քաղաքի վանքի բակում: Հետագայում ձեռագիրը գտնում է մի ռուս զինվորական, որը վերցնում է այն և տանում Թիֆլիս` նվիրում հայ համայնքին: 20-րդ դարի 20-ական թվականներին ձեռագիրը բերվում է Հայաստան: Այժմ հայոց ամենամեծ ու սրբագործված հին ձեռագրի` ՄՇՈ ՃԱՌԸՆՏԻՐԻ երկու մասերը` միավորված պահվում և ցուցադրվում են Մատենադարանում:

1915թ. Եղեռնի ժամանակ ոչնչացված ձեռագրերի քանակությունը հայտնի չէ, քանի որ այն ժամանակ չկար տարբեր տեղերում պահվող բոլոր ձեռագրերի հաշվառման ցուցակ: Սակայն, մեզ հասած տվյալների համաձայն` դրանց թիվը հասնում է մի քանի հազարի:

Ոչնչացված ձեռագրերի մեջ կային հազարավոր գրքեր` Աստվածաշունչ, Հին ու Նոր Կտակարաններ, ժամագրքեր, սաղմոսագրքեր, քարոզագրքեր, օրացույցեր, ծիսագրքեր, մաշտոցներ, կանոնագրքեր, նաև պատմագրական, փիլիսոփայական, աստվածաբանական բնույթի` հնագույն ժամանակներից մինչև ուշ միջնադարի գործեր, որոնց հեղինակներն էին հայկական, հունական, հռոմեական, հրեա գիտնականները: Կային ձեռագրեր, որոնք պարունակում էին հայկական մանրանկարչության գլուխգործոցներ: Հայկանան ձեռագրերի ոչնչացումը մեծ հարված էր ոչ միայն հայկական, այլև ամբողջ աշխարհի մշակույթի ու գիտության համար, անդառնալի կորուստ մարդկության համար: Հայ մտավորականության ջանքերով ձեռագրերի մի մասը, որը գտնվում էր Արևմտյան Հայաստանի տարածքում, այնուամենայնիվ, փրկվեց:

Ազգային մշակույթի անհայտ պահապանների շնորհիվ հայ ազգը կարողացավ ոչ միայն արդի սերնդին մեծ ժառանգություն հասցնել, այլև դժվարին պայմաններում կարողացավ ապահովել սերունդների ու նրանց ազգային մշակույթի հարատևությունը: Հարյուրամյակների ընթացքում հայերը ստիպված են եղել ոչ միայն պաշտպանվել քոչվոր ցեղերի իրար հաջորդող հարձակումներից, այլև փրկել ազգային արժեքները` պահպանել ձեռագրերը…

Մատենադարանը հայկական ձեռագիր մշակույթի խոշորագույն կենտրոն է: Այստեղ ի պահ են տրված 5-13-րդ դարերում ստեղծված 17 000 ձեռագիր մատյաններ, որոնցից 14 000-ը հայերեն ձեռագրեր են, իսկ 3 000-ը` օտարալեզու: Օտարալեզու ձեռագրերի մեջ մեծ թիվ են կազմում արաբական և պարսկական ձեռագրերը: Մեծ հետաքրքրություն են առաջացնում լատինական, հունական, եթովպական, հին հրեական, սիրիական, հին ռուսական և այլ ձեռագրերը: Հատկանշական է, որ միջնադարյան պահոցային փաստաթղթերի ավելի քան 100 000 միավոր կա:

Մատենադարանի ցուցանմուշների մեջ կան հայերեն ձեռագիր մշակույթի կոթողներ` 5-6-րդ դարերի մագաղաթե ձեռագրերի պատառիկներ, 9-10-րդ և հետագա դարերի ամբողջական ձեռագրեր, քարանձավներում հայտնաբերված քարացած ձեռագրեր: Ցուցանմուշների դասավորության ժամանակագրությունն ընդգրկում է գրչության առաջացման ժամանակաշրջանից մինչև 19-րդ դարը:

Հին ձեռագրերը մեր նախնիների բարձրարժեք մշակույթի, հոգևոր հարստության, գիտության տարբեր բնագավառներում խոր գիտելիքների վառ ապացույցն են: Հին ձեռագրերի աշխարհը անվերջանալի գաղտնիքների, խորհուրդների աշխարհ է, որը դեռ բացահայտման կարիք ունի...


Copyright © 2005-2011 Armenia - Diaspora Synergy Project